««Սերժիկ հեռացիր» գոչելով՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները 2008-ին Սերժի հետ Երևանում տասը քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին», -գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր` իր ֆեսյբուքյան էջում: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դո՛ւք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ և ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ»,- լուրի հեղինակներին խորհուրդ է տվել պատգամավորը:
Օրերս համացանցում լուր էր տարածվել, թե իբր գալիք կիրակի «Սերժ Սարգսյանի հյուրը լինելու է Նիկոլ Փաշինյանը»: Ասվում էր, թե «քննարկվելու է նոր ընդդիմության համախմբման անհրաժեշտության հարցը՝ պայմանով, որ կոշտ գնահատականներ չեն հնչելու նախագահի հասցեին»: Նշվել էր, թե այդ հանդիպմանը մասնակցելու են նաև Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Պետրոս Մակեյանը և Սասուն Միքայելյանը: Վերջիններս դեռևս չեն արձագանքել այդ հրապարակմանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գրառումից հստակ երևում է, թե ում «ականջներն» է տեսնում պատգամավորը նշված տեղեկության հետևում: Նկատենք սակայն, որ սև PR-ի մարտավարությունը հաճախ հակառակ արդյունքն է տալիս: Փաշինյանի դիրքերն այս արձագանքով իր համակիրների մոտ կարող են ավելի ամրանալ: Հակառակորդին կամ մրցակցին հաղթելու համար իրականում գաղափարական կռիվ պետք է տանել, ոչ թե ձեռնամարտ` գուլպայի տակ թաքցնելով թունավոր դանակը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ